ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է միայն մեկ անձ՝ Նասիմի Մուսաևը, որը դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ արձագանքելով սոցցանցերում, լրատվամիջոցներում և այլ հարթակներում տարածվող տեղեկություններին։
ԱԱԾ-ն «բացարձակ անհիմն և իրականությանը չհամապատասխանող» է անվանել տեղեկությունները, թե սահմանը հատել է մեկից ավելի անձ, այդ թվում՝ դիվերսանտներ, որոնց որոնումները շարունակվում են։
Ավելի վաղ ՀՀ սահմանը հատած, Սիսիանի Շաքի գյուղում հայ կնոջն ու նրա երեխաներին վնասած ադրբեջանցի զինծառայող Մուսաևը 2 ամսով կալանավորվել էր։
Ադրբեջացի զինծառայողը հոկտեմբերի 1-ին էր կրակել էր Շաքիի 39-ամյա բնակչուհի Անի Ավետիսյանի վրա, ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ տուժել են նաև նրա երկու երեխան։ Զինծառայողը ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին։ Դեպքի առնչությամբ 5 հոդվածով քրեական վարույթներ էին նախաձեռնվել, որոնք կքննվեն միասին։
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ կնոջ վիճակը կայուն է, երեխաներինը՝ բավարար։ Կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Ազատությանը» պատմել էր, որ քույրը, բացի ազդրի շրջանում հրազենի վնասվածքից, երեխաներին պաշտպանելու ընթացքում կրակոցից կորցրել է ձախ ձեռքի 3 մատը, իսկ տղային վիրահատել են։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ ադրբեջանցին լքել էր իր ծառայության վայրը, ինչի մասին հայկական կողմին Ադրբեջանից տեղեկացրել էին դեռ սեպտեմբերի 29-ին, որից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







