Շաքիում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի ներխուժման հետևանքով վնասվածքներ են ստացել տեղի բնակչուհին և նրա երկու երեխան, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Շաքիի 6-րդ փողոցի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորվել էր 1987 թվականին ծնված կինը, որը տեղափոխվել էր նախ Սիսիանի բժշկական կենտրոն, ապա՝ Երևան։
Նույն օրը բուժօգնության էին դիմել նաև կնոջ՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։
Կրակոցներից հետո Մուսաևը փախուստի էր դիմել։ Իրավապահները նրան հայտնաբերել էին նույն փողոցի մեկ այլ տանը։ Նա ժամը 15:30-ին ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննության մարմին։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ապօրինի շրջանառության, և 207-րդ հոդվածի 1-ին մասով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։
Նշված հոդվածներով առավելագույն պատիժները համապատասխանաբար 10, 5 և 2 տարվա ազատազրկում են։
Զինված ադրբեջանցու ներթափանցման մասին սկզբում հայտնել էին ԶԼՄ-ները, որից հետո տեղեկությունը հաստատել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին ԱԱԾ-ին տեղեկացրել էր սեպտեմբերի 29-ին։ Զինծառայողը հոկտեմբերի 1-ին Շաքիում կրակել էր ՀՀ քաղաքացու ոտքին և ձերբակալվել։
Շաքիի բնակիչներից մեկն Armenia Today-ին պատմել էր, որ ավտոմատով զինված ադրբեջանցին մտել էր բնակելի տուն և կրակել տեղի բնակչուհու վրա՝ նրա երեք երեխայի ներկայությամբ։
Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանում ձերբակալված ժամկետային զինծառայող Մուսաևը որոնվում էր սեպտեմբերի 26-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







