ԱՄՆ-ի մի շարք հայկական ուսանողական կազմակերպություններ քննադատել են Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Համահայկական ուսանողական ասոցիացիայի (All-ASA) փակ հանդիպումը՝ հայտարարելով, որ միջոցառումը չի արտահայտում իրենց դիրքորոշումը։
All-ASA-ի հիմնադիրներից Հայ հեղափոխական դաշնակցության «Շանթ» ուսանողական միությունը հայտնել է, որ հանդիպման վայրը նախապես չի հրապարակվել, մասնակիցների շրջանակը սահմանափակ էր, իսկ հարցերը՝ նախապես հաստատված։
«Նրանք ուզում են, որ լուսանկարները տպավորություն ստեղծեն, թե համայնքն աջակցում է իրենց։ Բայց եթե իսկապես ցանկանում են երկխոսել սփյուռքի հետ, ինչո՞ւ են շրջանցում այն ներկայացնող կազմակերպություններին»,- ասվում է հայտարարության մեջ։
Միությունում հիշեցրել են, որ հայ ուսանողները տասնամյակներ շարունակ միջոցառումներ են կազմակերպել ի աջակցություն Արցախի և այդ աշխատանքը շարունակել նաև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո։
«Պետք չէ ուսանողներին տեղավորել տեսագրության հետնապատկերում և տպավորություն ստեղծել, թե մենք ընդունել ենք տեղի ունեցածը կամ աջակցում ենք կառավարության այսօրվա գործողություններին»,- նշել են կազմակերպությունում։
Հանդիպման կազմակերպմանն իր մասնակցությունը հերքել է Փենսիլվանիայի պետական համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան՝ Penn State ASA-ն։ Կազմակերպությունն ընդգծել է, որ անկախ և անկուսակցական է և չի մասնակցել միջոցառման նախապատրաստմանը, անցկացմանը կամ դրա վերաբերյալ որոշումների ընդունմանը։
«All-ASA-ի որևէ հայտարարություն, որոշում կամ գործողություն չպետք է դիտարկվի որպես Penn State ASA-ի կամ նրա անդամների դիրքորոշումն արտահայտող»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռաթգերսի համալսարանի հայ ուսանողների կազմակերպությունը (RASA) հայտարարել է, որ հիասթափված է Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու All-ASA-ի որոշումից՝ ընդգծելով, որ այն չի արտահայտում իր դիրքորոշումը։
Կոլումբիայի համալսարանի հայկական միությունը նույնպես հայտնել է, որ չի աջակցում միջոցառմանը և առանձին հայտարարություն է պատրաստում։
301 լրատվամիջոցի տվյալներով՝ հանդիպման շուրջ տարաձայնություններ են առաջացել նաև All-ASA-ի ներսում․ մի քանի համալսարանի ուսանողական ասոցիացիաներ գործադիր խորհրդին նամակներ են ուղարկել՝ առարկելով միջոցառման անցկացմանը։
Լրատվամիջոցը նաև պնդում է, որ հանդիպումն անդամներին ներկայացվել է որպես ոչ քաղաքական, իսկ հարցերը պետք է նախապես ուղարկվեին՝ ընտրության անցնելու համար։
All-ASA-ն, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է ավելի քան 50 հայկական ուսանողական ասոցիացիա։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) շահերի պաշտպանության հարցերով տնօրեն Գևորգ Իսկաջյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է հանդիպումը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։
«Այս կառավարությունն ուսանողներին ուղղակի օգտագործեց որպես դեկորացիա»,- հայտարարել է նա։
Իսկաջյանի գնահատմամբ՝ միջոցառման կազմակերպիչները չեն ներկայացնում ԱՄՆ-ի ամբողջ հայ ուսանողական համայնքի դիրքորոշումը։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում սովորող ուսանողների հետ և ներկայացրել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ու դրա սկզբունքները։ Քննարկվել են սփյուռքի հետ կապերը, կրթության որակի բարձրացման և պետական կառավարման համակարգ մասնագետների ներգրավման հարցերը։ Կառավարությունից նաև հայտնել են, որ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։
ԱՄՆ-ի հայկական ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները նախկինում բողոքի ակցիաներ էին անցկացրել Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքականության դեմ։ Մասնակիցները բարձրաձայնել էին արցախցիների իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցերը։
Նարե Ներսեսյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







