Պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են մայրաքաղաքում կայանատեղիների ապօրինի կազմակերպման գործընթացը, փորձում են որոշակի պաշտպանություն ապահովել, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես ունեմ արդեն ձևավորված կարծիք, որ պետական համակարգում ունենք անձինք, ովքեր այս գործընթացն սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ, և ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար այս երևույթը վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից»,- նշել է Ավինյանը։
Նա նաև առաջարկել է քննարկել valet parking-ի նոր համակարգի ներդրման հնարավորությունը և գործունեությունը բերել օրինական դաշտ, որպեսզի, իր խոսքով, «միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ սև փող չաշխատեն»։ Ավինյանը հանձնարարել է երկու ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկներ։
Բացի այդ, քաղաքապետը հայտարարել է, որ Երևանի մի շարք փողոցներում անհրաժեշտ է վերացնել կայանատեղիները՝ անխափան երթևեկությունն ապահովելու համար։
«Երևանում ունենք շատ տարածքներ, որտեղ կայանումը պետք է դուրս գա, որպեսզի անընդհատ երթևեկությունն ապահովվի ու չխոչընդոտվի»,- շեշտել է նա։
Ավինյանը Տրանսպորտի վարչությանը հանձնարարել է գործակարգավարական նիստերի ընթացքում ներկայացնել կատարված աշխատանքը՝ նշելով, որ տեղում պետք է մանրամասն քննարկել տրանսպորտի խնդիրներն ու դրանց առաջարկվող լուծումները։
Քաղաքապետը նաև հանձնարարել է ամեն շաբաթ քննարկել խելացի լուսացույցերի և տեսախցիկների տեղադրման, ինչպես նաև Տրանսպորտի վարչությունում և Երթևեկության կառավարման կենտրոնում իրականացվող աշխատանքների ընթացքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







