Վերջին 5 օրում Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցած տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծում, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Օդերևութաբանի խոսքով՝ հոսանքներն իրենց զարգացման առավելագույնին կհասնեն սեպտեմբերի 15-ին, ինչի հետևանքով ցերեկային ժամերին Երևանում, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում օդի ջերմաստիճանը կհասնի +33…+34°C-ի, առանձին հատվածներում՝ նույնիսկ +35°C-ի։
«Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ սեպտեմբերի 14-19-ն Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նախազգուշացրել է նա։
Մինչև սեպտեմբերի 17-ը ջերմային ֆոնն էապես չի փոխվի։ Սեպտեմբերի 18-ին և 19-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում կնվազի մոտ 2-4 աստիճանով։
Սեպտեմբերի 14-ի և 15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում, հատկապես՝ Շիրակում և Տավուշում։
Սեպտեմբերի 18-ին և 19-ին կարճատև անձրևներ են սպասվում նաև կենտրոնական շրջաններում։ Սուրենյանը հորդորել է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







