Հայ եղբայրներ Ալեքս և Նարեկ Բազինյանները Գլենդելում հրդեհից փրկել են տարեցների խնամքի կենտրոնում գտնվող վեց մարդու, հայտնում է Huys Media-ն։
Հրդեհի ժամանակ եղբայրները լսել են օգնություն կանչող բուժքրոջ ձայնը և տեսնելով, որ շենքը պատված է կրակով ու ծխով, ներս են մտել՝ այնտեղ գտնվող մարդկանց դուրս բերելու համար։
«Տեսանք, որ բուժքույրը դուրս է գալիս տնից և օգնություն կանչում։ Դրանից հետո ուղղակի ներս վազեցինք»,- պատմել է Ալեքս Բազինյանը։
Նարեկ Բազինյանի խոսքով՝ մարդկանց հնարավորինս արագ դուրս բերելու ընթացքում շենքի ներսում ամենուր ծուխ և կրակ էր։
Միջադեպից հետո յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ հրապարակման՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Լրատվամիջոցը Բազինյան եղբայրներին հերոսներ է անվանել՝ ընդգծելով, որ նրանք առանց վարանելու օգնության են հասել տարեցներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







