ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, որ Հայաստանից հեռանալու որոշումը պայմանավորված է եղել շախմատի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքով՝ մի ոլորտի, որին ինքը նվիրել է իր կյանքը։ Այս մասին Արոնյանը խոսել է ֆրանսիական Europe Échecs հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ես հեռացա, քանի որ այն ոլորտը, որին նվիրել եմ իմ կյանքը, անտեսվում է կառավարության կողմից։ Ես մտածեցի՝ եթե նրանք ինձ հետ այսպես են վարվում, ապա ինչպիսի՞ն կլինի նրանց վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր ավելի թույլ են։ Չէի կարող հաշտվել դրա հետ։ Ահա թե ինչու ես հեռացա»,- ասել է Արոնյանը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակում է աջակցել հայկական շախմատին։ Արոնյանի խոսքով՝ իշխանությունները կրճատել են մի շարք սուբսիդիաներ, մինչդեռ նախկինում շախմատի զարգացմանը զգալիորեն ավելի մեծ ֆինանսական միջոցներ էին հատկացվում։
«Այնուամենայնիվ, ես ֆինանսական աջակցություն եմ ցուցաբերում մի քանի երիտասարդ հայ շախմատիստի»,- հավելել է գրոսմայստերը։
Խոսելով մանկության մասին՝ Արոնյանը պատմել է, որ շախմատ խաղալ իրեն սովորեցրել է ավագ քույրը՝ հոր հայրենի քաղաք՝ Բելառուսի Վիտեբսկ կատարած ուղևորության ժամանակ։ Նրա խոսքով՝ շախմատով լրջորեն հետաքրքրվել է մոտ 8 տարեկանում։
Արոնյանը խոսել է նաև իր համար աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ունեցած նշանակության մասին։
«Իհարկե, Հայաստանում բոլորը ճանաչում են նրան, և շախմատ խաղալ ցանկացող փոքրիկ երեխայի համար նա մի տեսակ հոր կերպար է»,- ասել է շախմատիստը՝ հավելելով, որ ծնողների գնած առաջին շախմատային գրքերից մեկը «Պետրոսյանի ժառանգությունն» էր։
Հայաստանի շախմատի ազգային հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը 2021 թվականի մարտին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, իսկ նույն թվականի դեկտեմբերից հանդես է գալիս ամերիկյան դրոշի ներքո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







