ՀՀ կառավարությունն օգոստոսի 27-ի նիստում որոշում է կայացրել պահուստային ֆոնդից 1,327 մլրդ դրամ (մոտ 3,4 մլն դոլար) հատկացնել Հայաստանի Անկախության հռչակման 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման համար։
Ծախսերի ամենախոշոր հոդվածը՝ 1,031 մլրդ դրամ (շուրջ 2,65 մլն դոլար), նախատեսված է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք գլխավոր տոնական համերգի համար։ Իշխանություններն ակնկալում են շուրջ 40 000 հանդիսատեսի մասնակցություն։
Հանրապետության հրապարակի ծրագիրը բաղկացած է լինելու «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվներով պատմամշակութային ներկայացումից և համերգից։ Միջոցառմանը ելույթ են ունենալու Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը, Արամ MP3-ը, «Կարեն-Սևակ Բենդը», Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը և այլ կատարողներ։
Մայրաքաղաքից զատ, տոնական համերգային ծրագրեր են նախատեսված նաև մարզային չորս քաղաքում։
Կապան (81,7 մլն դրամ)․ սեպտեմբերի 19-ին տեղի կունենա համերգ «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» խմբերի մասնակցությամբ (ակնկալվում է 10 000-12 000 հանդիսատես)։
Վանաձոր (95,4 մլն դրամ)․ սեպտեմբերի 18-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» ծրագրով (ակնկալվում է 4000-5000 հանդիսատես)։
Գյումրի (83,9 մլն դրամ)․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնելու է «Անկախության սիմֆոնիա» նախագիծը (ակնկալվում է շուրջ 7000 հանդիսատես)։
Իջևան (34,5 մլն դրամ)․ սեպտեմբերի 21-ին կենտրոնական հրապարակում կանցկացվի «Անկախության ռիթմը» համերգը (ակնկալվում է շուրջ 3000 հանդիսատես)։
Անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Բեռլինի վեց թանգարանների ցուցադրություն, որը կգործի վեց ամիս, հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում։
Նա նաև նշել է, որ 2026 թվականին լրանում է Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական ծրագրում։
Բոլոր միջոցառումների ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության պահուստային ֆոնդից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







