Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում կատարվող հրապարակումների վերաբերյալ հնչող քննադատություններին։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են:
Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով և վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները»,- գրել է Փաշինյանը։
Վարչապետը կոչ է արել բացառել մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետև իրենք խոսում են մեր մասին, ոչ՝ ուրիշների:
«Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց: Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարոնկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն: Պահպանեք հակահամաճարակային կանոնները»,- գրել է Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







