Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում, իսկ առաջիկա 10 օրերին ուժեղ շոգեր չեն կանխատեսվում, տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ըստ Սուրենյանի՝ հուլիսի 14-ին և 15-ին Հայաստանի առանձին հատվածներում և Երևանում ջերմաստիճանը հասել էր 37-38 աստիճանի, սակայն հուլիսի 16-ից սկսած՝ հանրապետության տարածք են ներթափանցում համեմատաբար սառը օդային հոսանքներ։
«Այսօր ցերեկային ժամերին, երեկվա համեմատ, օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով: Հանրապետության ամենատաք շրջաններում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկային ժամերին այն չի գերազանցի 35 աստիճանը»,- նշել է մասնագետը։
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հավելել է, որ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ուժեղ շոգեր, այսինքն՝ +40 աստիճան և ավելի ջերմաստիճան չի կանխատեսվում։
Միևնույն ժամանակ, առաջիկա 5 օրերին՝ երեկոյան ժամերին և գիշերը, հանրապետության մի շարք շրջաններում ամպրոպ է կանխատեսվում։ Առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20 մ/վրկ արագությամբ։
Երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևի հավանականություն կա նաև մայրաքաղաքում: Սուրենյանի փոխանցմամբ՝ Երևանում տեղումները լինելու են տեղային (ոչ համատարած) բնույթի և կդիտվեն միայն քաղաքի առանձին հատվածներում։






































