Հուլիսի 9-ից եղանակը Հայաստանում կանցնի բուն ամառային ռեժիմի՝ հուլիսի 10-ին և 11-ին արդեն գրանցելով 36-37 աստիճան տաքություն, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Մինչ այդ, ըստ Սուրենյանի, ՀՀ-ն կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում այսօր՝ հուլիսի 8-ին, օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով ամպրոպային բնույթի անձրևներ կտեղան, իսկ առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Հանրապետության մեծ մասում հուլիսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում կդիտվի առանց տեղումների եղանակ, բացառություն կկազմեն միայն հյուսիսային առանձին շրջաններ, հատկապես՝ Շիրակը, Լոռին և Տավուշը, որտեղ երեկոյան առանձին հատվածներում հնարավոր են անձրևներ»,- տեղեկացրել է նա։
ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն, իր հերթին, հայտնել է եզակի աստղագիտական երևույթի մասին։ Այսօր Երևանի ժամանակով 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո։
«Դա տեղի է ունենում ամեն տարի՝ հուլիսի 8-ին, երբ Երկրի նկատմամբ Արեգակի դիրքի և բնակչության աշխարհագրական բաշխման համադրության արդյունքում մարդկության գրեթե ամբողջ մասը գտնվում է լուսավորված կիսագնդում»,- պարզաբանել է Ազիզյանը։





































