«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, հայտնել են Երևանի քաղաքապետարանը և Քննչական կոմիտեն։
«Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի»,- հայտարարել է քաղաքապետարանը՝ առանց անուններ նշելու։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել է, որ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել է երեք առյուծ և մեկ վագր և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։ Ըստ ՔԿ-ի՝ կենդանիներն առգրավվել են վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր։
Գերատեսչությունը և քաղաքապետարանը հրապարակել են կենդանիների տեղափոխման տեսագրությունը։
Ավելի վաղ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ խուզարկվել է ԲՀԿ առաջնորդի ընդունելության տունը, և որ այնտեղ պահվող կենդանիները քնեցվել են բնապահպանական տեսուչների կողմից՝ այլ վայր տեղափոխելու համար։
Իրավապահ մարմիններն այսօր առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի առանձնատանը։ Ծառուկյանն այժմ ձերբակալված է։





































