Իրավապահ մարմինները խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունն ու նրան փոխկապակցված որոշ ձեռնարկություններ, հայտնել է կուսակցության անդամ Արման Աբովյանը։
Աբովյանը ուղիղ եթերով Ծառուկյանի՝ Առինջ գյուղում գտնվող առանձնատան մոտից հայտնել է, որ առայժմ ներս չեն թողնում փաստաբաններին, ինչը նա որակել է որպես կոպտագույն խախտում։ Նա նաև հավելել է, որ տարածքում աշխատում են դրոններ, որոնք, ըստ երևույթին, պատկանում են ուժային կառույցներին։
«Մինչ այս պահը տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Իրենց համազգեստի վրա ԱԱԾ է գրված, մի խոսքով՝ նաև առայժմ չեն թողնում, որ մտնեն փաստաբանները, կոպտագո՛ւյն խախտում, դե ինչի՞ց ենք խոսում։ Կոպտագույն խախտում է, բայց դե շատ լավ հասկանում ենք, չէ՞, թե հիմա ինչ իրավիճակ է։ Վերևում դրոններ են աշխատում, ըստ երևույթին՝ ուժայինների դրոններն են»,- նշել է նա։
Կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանի տվյալներով՝ ուժային կառույցների լայնածավալ օպերատիվ գործողություններն սկսվել են վաղ առավոտյան՝ ժամը 07:16-ին, Սահմանադրական դատարանի որոշումից հետո։
Խուզարկությունների պահին Ծառուկյանը և նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, տանն են գտնվել։ Ծառուկյանի փաստաբանները ներկա են քննչական գործողությունների իրականացմանը։
Տոնոյանը նշել է, որ իրավապահ մարմինները շտապել են և սկսել խուզարկությունները՝ առանց լուսաբացին սպասելու։ Նա տեղի ունեցողը որակել է որպես բոլոր հնարավոր միջոցներով Ծառուկյանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ։
Աբովյանի տվյալներով՝ իրավապահները մտել են նաև Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող այլ ձեռնարկություններ: Նա հավելել է, որ տեղեկությունները դեռևս նախնական են ու սահմանափակ, և այս պահին հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քրեական գործի շրջանակներում են իրականացվում այս գործողությունները։
«Որոշ տվյալներով՝ Ծառուկյանին պատկանող այլ վայրեր են մտել, խոսքը «կոնյաչնիի», «Մուլտնի Վելնեսի», «Օլիմպավանի» մասին է։ Ցաքուցրիվ ինֆորմացիա է գալիս։ Տեղյակ չենք՝ ինչ գործի շրջանակում է տեղի ունենում այս իրավիճակը»,- հայտնել է նա։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հաստատել են Ծառուկյանի տանը քննչական գործողությունների իրականացումը։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- հայտնել են գերատեսչությունից։
ՔԿ-ից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։
Ավելի ուշ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հստակեցրել է, որ գերատեսչությունում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում Ծառուկյանին առնչվող 70-ից ավելի հասցեում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
Թարմացված է՝ 06.07.2026 | 13:00






































