Հայաստանում համայնքների թիվը կկրճատվի 70-ից 64-ը միավորման 8-րդ փուլի արդյունքում, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ուղիղ հեռարձակումը ԱԺ-ից՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է համայնքների միավորման գործընթացը շարունակել Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել Ստեփանավան միավորված համայնքը, որում կընդգրկվեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրով։
Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել Գորիս միավորված համայնքը՝ ներկայիս Գորիս, Տեղ և Տաթև համայնքներով։ Նոր համայնքի կազմում կընդգրկվի 28 բնակավայր։ Վայոց ձորում նախատեսվում է ձևավորել Եղեգնաձոր միավորված համայնքը, որում կներառվեն Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով։
Նախագծով հստակեցվում է նաև միավորվող համայնքներում ավագանու ընտրությունների նշանակման և Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) լիազորությունների անցման կարգը։ Ըստ այդ կարգավորման՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո 5-րդ օրը գործող ՏԻՄ-երի լիազորությունները կդադարեն, և նույն օրը նոր ավագանին կստանձնի իր լիազորությունները։
Խուդաթյանի խոսքով՝ համայնքների միավորումը «զուտ մեխանիկական միավորում չէ», այլ մասնագիտական և ֆինանսական ներուժի միավորում՝ ավելի մեծ համայնքային միավորներում ավելի մեծ խնդիրներ լուծելու համար։ Նախարարը նաև հայտնել է, որ կառավարությունը չի նախատեսում այս փուլով ավարտել համայնքների միավորման գործընթացը։
Խուդաթյանը նշել է, որ վարչատարածքային բարեփոխումների նախորդ 7 փուլերի արդյունքում Հայաստանում համայնքների թիվը դարձել է 70, որոնցից 63-ը միավորված համայնքներ են։ Չեն միավորվել Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված հինգ համայնքներ։ Նրա խոսքով՝ համայնքների միավորման 8-րդ փուլի արդյունքում համայնքների թիվը կդառնա 64, իսկ միավորված համայնքները կլինեն 57-ը։





































