ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի և նրա ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքին։
Նա նշել է, որ այս պահի դրությամբ որևէ առիթ չունիմեկուսանալու, որովհետև շփման ընթացքում ոչ մի կոնտակտ չի ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի կամ երեխաների հետ։
«Ես երբ եղել եմ իրենց տանը, որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել։ Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով։ Այնպես, որ ես որևէ վտանգ չեմ տեսնում այս պահի դրությամբ, որ մեկուսանամ։ Աժ-ում շփումներս ևս մաքսիմալ հեռավորության վրա եմ ունենում»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորը նշեց` թիրախային խմբում գտնվող մայր ունի, և անվտանգության նորմերը պահպանում է, «ապահովության համար» էլ կորոնավիրուսի թեստ է հանձնելու։
«Նույնիսկ Արփիին չեմ գրկել, սիրել։ Քանի որ ես տանն ունեմ թիրախային խմբում գտնվող մայր, ես երեխաներին չեմ գրկել, կոնտակտ չեմ ունեցել։ Իմ տուն մտնելիս նույնպես ախտահանվում եմ, մորս հետ էլ նույնպես կոնտակտ չեմ ունենում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







