Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստից հետո կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։
«Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







