ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մանրամասնել է «ծնողական ժամ» ներդնելու կարգը, որով սահմանվում են մինչև 12 տարեկան երեխաներ և հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողներին աշխատավայրից բացակայելու հնարավորությունը։
Նշենք, որ կառավարության կողմից ընդունված «ծնողական ժամի» կիրառման կարգի համաձայն՝ մինչև 12 տարեկան երկու երեխա ունեցող ծնողներին հնարավորություն կտրվի աշխատանքային օրվա ընթացքում բացակայել կես ժամ։ 3 և ավելի երեխաների, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ծնողների դեպքում բացակայության ժամանակը կկազմի մինչև 1 ժամ։
Այս իրավունքից, ըստ նախարարության ներկայացուցչի, հավասարապես կարող են օգտվել երկու ծնողներն էլ՝ ստանալով օրինական վճարվող բացակայության հնարավորություն։
Օրենքի կարգավորմամբ՝ բացակայությունն իրականացվելու է ծնողի դիմումի հիման վրա, որտեղ նշվելու է նախընտրելի ժամն ու տևողությունը, բացակայության համար հատուկ պատճառաբանություն չի պահանջվի։
Որոշվել է, որ այս ժամերը կվարձատրվեն հիմնական աշխատավարձով, որպեսզի գործատուն չունենա լրացուցիչ վարչարարական բեռ՝ կապված միջին աշխատավարձի բարդ հաշվարկների հետ։
«Այս մոտեցումը կտարածվի նաև Օրենսգրքի 258-րդ հոդվածի վրա (որը վերաբերում է մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին), որպեսզի գործատուի համար գործեն միասնական և հստակ հաշվարկման մեխանիզմներ»,- նշել է փոխնախարարը։
Հանրային ծառայողներին վերաբերող մասն, ըստ Քոչարյանի, կարգավորվում է կառավարության համապատասխան որոշմամբ, ուստի անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կիրականացվեն հենց այդ մակարդակում։





































