ՀՀ-ում շարունակվում է պետական կառույցների անունից ֆիշինգային հաղորդագրությունների տարածումը։ Կիբեռոստիկանությունն զգուշացրել է, որ այս անգամ թիրախում հիմնականում iPhone օգտատերերն են, ովքեր կեղծ հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։
Գերատեսչությունը հայտնել է, որ հաղորդագրությունները տարածվում են արտասահմանյան հեռախոսահամարներից՝ ՀՀ ՆԳՆ-ի և այլ պետական մարմինների անունից ու պարունակում են ֆիշինգային հղումներ։
Կիբեռոստիկանությունը հորդորել է չբացել կցված հղումները, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, ինչպես նաև անմիջապես արգելափակել և Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող համարներն ու հասցեները։
Ավելի վաղ Կիբեռոստիկանությունը հայտնել էր, որ սահմանափակվել են roadpolice.am դոմենային անվանը նմանվող ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS հաղորդագրությունները:






































