Եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի գիշերը հանրապետության 18 օդերևութաբանական կայաններում գրանցված նվազագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևէ դիտված պատմական նվազագույն արժեքները, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ գրեթե ամբողջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններ՝ բացառությամբ Սյունիքի և Տավուշի հովտային շրջանների, որտեղ գրանցվել են դրական ջերմաստիճաններ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։




































