Ռուսաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում քննարկվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հնարավորությունը, գրել է «Հրապարակը»։
Թերթի ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ ռուսական իշխանությունները որոշակի դժգոհություններ ունեն նրա գործունեությունից և դիտարկում են նրան փոխարինող թեկնածուների։
Ըստ թերթի՝ հավանական թեկնածուների շարքում են ՀՀ երկրորդ նախագահի մամուլի նախկին քարտուղար և գրասենյակի նախկին պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։ Շրջանառվում են նաև «Ավալոն» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի և կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի անունները։
Աբրահամյանը ՌՀՄ-ն ղեկավարում է 2000 թվականից։ Նա նաև «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահն է և զբաղեցնում է համանախագահի պաշտոններ գործարարների Ռուսաստան-Արգենտինա խորհրդում ու ֆրանկո-ռուսական ասոցիացիայում։





































