Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ սպառողի սեղանի ձվի անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում, հայտնաբերվել են խախտումներ, հայտնում է ՍԱՏՄ-ն։
Նշվում է, որ խախտում է արձանագրվել «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում. համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին:
Բացի այդ, լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի», «ԵԹՖ», «Էլիտ» արտադրողների սեղանի թարմ ձու ապրանքատեսակների տարբեր խմբաքանակներ չեն համապատասխանել Ա դասի առաջին տեսակի ձվի պահանջներին։
Արձանագրվել են նաև սեղանի թարմ ձու ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ: Ըստ այդմ՝ «Արաքս», «Արզնի», «Գնթունիք», «ԵԹՖ», «Էլիտ», «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Շիրակ» և ՈԹՖ ապրանքնիշերի ձվի կարգը չի համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր: Վերահսկողությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Հայաստանում Սուրբ Զատիկն այս տարի կնշվի առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 5-ին։


























