Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ ընդգծելով կանանց դերը հասարակության և երկրի զարգացման գործում, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Իր ելույթում նա նշել է, այսօրվա անկայուն աշխարհում, երբ հայ ժողովուրդն ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին։
«Կանայք իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար»,- ասվում է կաթողիկոսի շնորհավորանքում։
Նա շեշտել է նաև կանանց ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։
Կաթողիկոսը մաղթել է, որ Աստված խաղաղություն պարգևի Հայաստանին և իր օրհնության ներքո պահի հայ ժողովրդի մայրերին ու քույրերին, որպեսզի նրանք հավատով և հույսով զորացած՝ շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







