Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում մնացած ՀՀ քաղաքացիների համար տարածաշրջանում պատերազմի պատճառով գործատուների հետ կապված հնարավոր խնդիրները։
Նախարարությունը նշել է, որ աշխատողի՝ իրենից անկախ հանգամանքներով (ֆորսմաժորային իրավիճակներով) պայմանավորված բացակայությունը չի կարող հանգեցնել նրա իրավունքների խախտմանը։
«Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի՝ իրենից չկախված հանգամանքներով պայմանավորված բացակայությունը, ինչպես նաև դիտարկել արձակուրդի երկարացման կամ հեռավար աշխատանքի կազմակերպման հնարավորությունը»,- հայտնել են նախարարությունից։
Այսօր ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիները կապ են հաստատել ԱՄԷ-ում դեսպանատան հետ՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու համար, որ Հայաստանում գործատուներն իրենց բացակայությունը չհամարեն անհարգելի և պահպանեն բացակա օրերի աշխատավարձը։





































