ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախապես թոշակները բարձրացնելուն դեմ է արտահայտվել, քանի որ անհանգստացել է՝ թոշակառուները կարող են ավելի շատ ծխել։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ թոշակների բարձրացման հարցը քննարկելիս Փաշինյանն ասել է, որ անկանխիկ առևտրի վերլուծությունն ստացել ու տեսել է, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում «ահավոր մեծ է»։
Ըստ Փաշինյանի՝ այդ ժամանակ է եկել այն գաղափարը, որ այդ գումարը ներդրվի առողջապահական ոլորտ։
«Ես ասում էի, լա՛վ, 10 000 դրամ հիմա պիտի ավելացնենք, որ գանք, միջին սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք։ Ես ասում էի, լավ, 10 000-ը տանք ֆորմալ, գնան մեր սիրելի թոշակառուները ծխախոտ առնե՞ն և ծխախոտի ավելի շատ օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենա՞ն։ Դրա համար ասացինք՝ եկեք այս փուլում ուղղորդենք առողջության վրա, որպեսզի թոշակառուների փոխարեն ասենք, սիրելի՛ մեր թոշակառուներ, այդ ձեր 10 000 դրամն ավելացնում ենք, բայց ձեր փոխարեն, հազար ներողություն, ուղղորդում ենք առողջապահություն»,- պարզաբանել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ փետրվարին, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրել էր, որ 2025 թվականի տնտեսական աճը ոչ թե 5,1, այլ 7,2% է, փոխվարչապետն ու Ֆինանսների նախարարը հայտնել էին, որ դրամական նկարագիրը մոտավորապես 100 միլիարդ դրամ է, ինքը որոշել էր 10 000 դրամով ավելացնել թոշակները, որի արդյունքում՝ կավելանա նաև հետվճարը։
Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունը նույնիսկ 20 000 դրամով բարձրացնի թոշակը, թոշակառուի սոցիալական խնդիրները չեն լուծվի։ Նա նաև նշել էր․ «Ինչո՞ւ 10 000 դրամը տալ թոշակառուին, որ չիմանա՞ ինչպես ծախսի»։ Փաշինյանի այս հայտարարությունը վրդովվեցրել էր թոշակառուներին։
Armenia Today-ը Հայաստանի վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ 2025 թվականի դրությամբ՝ ՀՀ-ում 500 300 թոշակառու կա, որոնցից նվազագույն՝ 36 000 դրամ կենսաթոշակ ստանում են մոտ 90 000-ը։
Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակն ապրիլի 1-ից կավելանա 10 000 դրամով։
Դիտեք նաև
10 հազար կենսաթոշակի «գինը»





































