Հայաստանում նվազագույն կենսաթոշակն ապրիլի 1-ից կավելանա 10 հազար դրամով, իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձրները՝ կբարձրանան քիչ»,- նշել է նա՝ չհստակեցնելով այլ խմբերի համար բարձրացման կոնկրետ չափը:
Փաշինյանը, պարզաբանելով կենսաթոշակների բարձրացման որոշումն ապրիլի 1-ից (Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ- խմբ.), այն կապել է 2025 թվականի տնտեսական աճի հետ: Նա հավելել է, որ ավելի վաղ իշխանությունները հաշվի են առել հունվարի 1-ից համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագրի մեկնարկի հետ կապված ռիսկերը, ինչն ազդել է որոշման ընդունման ժամկետների վրա:
Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ հիմնական՝ 24 000 դրամ կենսաթոշակը դառնալու է 34 000 դրամ։ Նա հավելել է, որ նվազագույն 36 000 դրամ կենսաթոշակը կդառնա 46 000 դրամ։ Նախարարի խոսքով՝ 10 000 դրամով բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի համար։ Թորոսյանը հավելել է, որ նույնքան բարձրանալու են նաև ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը սահմանափակում ունեցողների նպաստները։
Նախարարը հայտարարել է, որ բարձրանալու են նաև զինվորական կենսաթոշակները, բայց տարբեր չափերով։ Թորոսյանի փոխանցմամբ՝ միջին բարձրացումը մոտավորապես 8000 դրամ է լինելու, որոշ դեպքերում կլինի 10-15 հազար դրամ, մի շարք դեպքերում՝ ավելի ցածր, որովհետև, զինվորական կենսաթոշակները, նրա խոսքով, արդեն բարձր են՝ միջինում 100 հազար դրամ։
Թորոսյանը և Փաշինյանը հստակեցրել են, որ թոշակների բարձրացումը կապ չունի հետվճարային համակարգի հետ։
Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կենսաթոշակների բարձրացումը նախատեսվում է մոտ 600 հազար քաղաքացիների համար, ինչը բյուջեի վրա, իր հաշվարկներով, կարժենա մոտ 75 մլրդ դրամ։
Փետրվարի 26-ին Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին հստակեցրել է, որ գրեթե բոլոր՝ 667 հազար թոշակառուի կենսաթոշակ բարձրանալու է 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ ավելի շատ են բարձրանալու։ Նրա խոսքով՝ քիչ դեպքերում է, որ բարձրացումը կարող է լինել 8000 կամ 7000 դրամ, այդ խմբում են նրանք, ովքեր արդեն միջինից մոտ երկու անգամ բարձր կենսաթոշակ են ստանում։ Այդ ծախսերը հոգալու համար ՀՀ բյուջեից 2026-ին, Թորոսյանի խոսքով, կպահանջվի մոտ 80 մլրդ դրամ։
Հոււնվարին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունը նույնիսկ 20 000 դրամով բարձրացնի թոշակը, թոշակառուի սոցիալական խնդիրները չեն լուծվի։ Նա նաև նշել էր․ «Ինչո՞ւ 10 հազար դրամը տալ թոշակառուին, որ չիմանա՞ ինչպես ծախսի»։ Փաշինյանի այս հայտարարությունը վրդովվեցրել էր թոշակառուներին։
Armenia Today-ը Հայաստանի վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ 2025 թվականի դրությամբ ՀՀ-ում 500 300 թոշակառու կա, որոնցից նվազագույն՝ 36 հազար դրամ կենսաթոշակ ստանում են մոտ 90 000-ը։
Կարդացեք նաև՝
«Թոշակի գումարը քիչ է», «պաշտոնյաների համար 50 000-ը մեկ րոպեի ծախս է», «Փաշինյանը ճիշտ է»․ հարցում
Նյութը թարմացվել է փետրվարի 26-ին՝ ժամը 13։25-ին։

























