Խնդիրների հիմնաքարը պետք է լինի նախագծային փաթեթը՝ պետական մաքսիմալ գրագետ էքսպերտիզայի եզրակացությամբ։ Նման միտք է հայտնել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ՝ կառուցապատողների նախաձեռնած քննարկմանը, որտեղ վերջիններիս խոսում էին ոլորտին առնչվող խնդիրներց: Ընդ որում կառուցապատողների նպատակն է՝ ստեղծված իրավիճակում հնարավորության սահմաններում թույլատրվի իրականացնել բացօթյա շինարարական աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվի հավելյալ արժեք, ինչպես նաև կլուծվի կառուցապատման շղթայում ընդգրկված հազարավոր աշխատողների սոցիալական խնդիրները։
Մասնակիցները նշել են, որ Երևանում մոտ 550 միլիոն դոլարի շինարարություն կանգնած է, 62 շինարարական կառույց ունի շնարարական թույլտվություն, բայց չի շարունակում աշխատանքը, խոչընդոտները շատ են։ Խոչընդոտներից մեկը վարույթների պատճառով շինարարությունների կասեցումն է:
Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ շինարարությունն այժմ փոսի մեջ է, բայց հնարավոր է կարողանան ոլորտում ստեղծել այն հիմնաքարը, որի շնորհիվ հնարավոր կլինի այս իրավիճակից դուրս գալ։
«Կամ՝ մենք վերադառնում ենք իրավական դաշտ և խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք շարունակ։ Պետական փորձաքննության վերաբերյալ ես զեկուցել եմ ամենաբարձր մակարդակով։ Ցավոք, մինչ այսօր այդ հարցը չլուծված է մնացել»,-ասաց Արթուր Մեսչյանը:
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրների հիմնաքարը պետք է լինի նախագծային փաթեթը՝ պետական մաքսիմալ գրագետ էքսպերտիզայի եզրակացությամբ։
«Դա կլինի այն զենքը, որով կպայքարենք այս ռեկետի դեմ։ Մեր շինարարության խնդիրների 99 տոկոսը բնակիչների ռեկետի հետևանք է։ Դա սարսափելի է բարոյահոգեբանական տեսակետից։ Կոնդիցիոներ կտաս՝ չեմ բողոքի, տունս ռեմոնտ արա՝ չեմ բողոքի, սրանից մենք պետք է դուրս գանք։ Մեզ հարկավոր է նախագծային փաթեթ՝ հաստատված պետական բարձրագույն փորձաքննությամբ, որպեսզի խնդիրների դեմ պայքարել ստացվի»,-ասաց Մեսչյանը:
Քննարկմանը մասնակից կառուցապատողները նշում էին, որ իրենց պետք է հնարավորություն տրվի դատարաններում մասնակցելու քննարկումներին, և որ այդ օրենքում փոփոխություն է անհրաժեշտ, բացի այդ, եթե իրենց համար դրական փոփոխությունները արվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ապա իրենք կկորցնեն ոչ թե չորս-հինգ ամիս, այլ մեկ ամբողջ տարի՝ կարևորելով ժամ առաջ օրինագծի հաստատումը, որովհետև այս տաք ամիսները շինարարի համար արդյունավետ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







