«Համահայկական ճակատ» կուսակցության և համանուն շարժման նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 17-ին, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ՀՀ գլխավոր դատախազության և կառավարության շենքերի մոտ։
Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Հայ Առաքելական եկեղեցուն՝ իշխանություններին կոչ անելով ձեռնպահ մնալ եկեղեցական գործերին միջամտելուց։
«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը, անդրադառնալով դատախազության շենքի մոտ ակցիա անցկացնելու պատճառներին, հայտարարել է. «Մեր վերաբերմունքը թե՛ դատախազությանը, թե՛ ուժային մյուս կառույցներին բացասական ենք գնահատում. իրենք հատուկ ցուցումներով կատարում են հատուկ հրամաններ»։
Կազմակերպիչները նշել են, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացնում նաև սփյուռքում, քանի որ սփյուռքահայության համար եկեղեցին շարունակում է մնալ պատմական հայրենիքի հետ կապի առանցքային օղակը։
Ակցիայի մասնակիցները դատախազության շենքի մոտից երթով շարժվել են դեպի ՀՀ կառավարության շենք՝ այստեղ ևս ներկայացնելով իրենց պահանջները։
Սփյուռքահայ մի շարք հայտնի գործիչներ, բարերարներ փետրվարի 12-ին հայտարարությամբ կոչ էին արել եկեղեցում առկա խնդիրները լուծելու հենց եկեղեցու ներսում առկա կանոնների շրջանակներում: Նրանք շեշտել էին՝ եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքներն ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են եկեղեցուն:





































