«Ռոսիա» առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր մոլի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով պահպանել իրենց տարածքները։
Տարիներ շարունակ մոլի առաջին հարկում ոսկյա և արծաթյա իրերի առևտրով զբաղվողները դժգոհել են իրենց տարածքներից զրկվելու որոշման դեմ։
«Հասկացանք՝ վարձակալ ենք, 30 տարի կանգնել են մարդիկ, չպայքարե՞նք։ Մենք այլ տեղ չենք ուզում, դժվար ճանապարհ ենք անցել»,- նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանց պնդմամբ՝ տարածքում ցանկանում են «ֆուդկորտ» բացել, տարբեր բրենդներ բերել:
«Խնդիրը նրանումն է, որ ուզում են տան մի քանի բրենդի։ Հիմա ժողովուրդը մնում է առանց գործ։ Հարցն այն է, որ սարքեն բուտիկներ, մարդիկ մեկ ամիս նստեն տանը, հետո հետ գան, աշխատե՞ն»,- նշել է ակցիայի մեկ այլ մասնակից։
Վաճառողների խոսքով՝ ադմինիստրացիան իրենց առաջարկում է տեղափոխվել «Երևան» հանրախանութ, ինչն, ըստ նրանց, կնշակի բիզնեսի փաստացի կորուստ։ Ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենց հաճախորդների բազան այստեղ է կենտրոնացած, իրենք էլ տարիքով անձինք են, որոնց համար առևտուրը մնում է եկամտի միակ աղբյուրը։
Նրանք այս պահին դեմ չեն լքել տարածքը՝ պայմանով, որ վերանորոգումից հետո վերադառնան իրենց աշխատանքին՝ նույն վայրում։
Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են նախաձեռնել՝ տնօրինությանն այս հարցով դիմելու համար։
«Սիլ կոնցեռնի» մամլո պատասխանատուն ավելի վաղ մամուլին փոխանցել էր, որ օրենքով նախատեսված կարգով 2 ամիս ժամանակ է տրվել առաջին հարկի աշխատողներին, մի մասին առաջարկվել է առևտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել: Այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այն ինչ նպատակների կծառայի, դեռ որոշված չէ:





































