Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը, որտեղ բուք ու ձյուն է, կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի (մառախուղ), Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։ Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։





































