ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին՝ նրանց կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով։
Տարկետումը կտրամադրվի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող քաղաքացիներին, որոնք ունեն բարձր ուսումնական արդյունքներ կամ գիտական ու օլիմպիական նշանակալի ձեռքբերումներ։
Տարկետում կարող են ստանալ նաև միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիր դպրոցականները, հանրապետական օլիմպիադաների հայոց լեզվի, գրականության կամ պատմության առաջին մրցանակակիրները, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները՝ համապատասխան գիտական հրապարակումներով, աշխարհի լավագույն համալսարանների (Shanghai Ranking-ի առաջին հնգյակում) ուսանողները։
Տարկետումը տրամադրվում է ուսումնառության ամբողջ ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալը։





































