2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 933 զբոսաշրջիկ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 130 148: Այս մասին են վկայում Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի վիճակագրական տվյալները։
Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 2,26 մլն մարդ։ Այս ցուցանիշը բարձր է 2024 թվականի մակարդակից (2,2 մլն), սակայն զիջում է 2023 թվականի ռեկորդին (2,33 մլն)։
Զբոսաշրջիկների հիմնական հոսքը 2025 թվականին բաժին է ընկել Ռուսաստանին (41%), Վրաստանին (13%) և Իրանին (8%): Հաջորդում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ուկրաինան և Իտալիան:
Ամենածանրաբեռնված տուրիստական ամիսն օգոստոսն էր, երբ երկիր էր այցելել շուրջ 334 000 մարդ: Ըստ վիճակագրության՝ զբոսաշրջիկների ամենամեծ մասնաբաժինը կազմում են 35-40 տարեկան անձինք։



































