Իռլանդացի MMA մարտիկ և UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցիալական ցանցերում մեկնաբանել է Հայաստանում՝ Հատիս լեռան վրա, Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը։
Նա կիսվել է Իռլանդիայում Քրիստոսի ամենամեծ արձանը կառուցելու իր երազանքով՝ այն անվանելով ժողովրդի հավատքի «հսկայական հուշարձան»։
«Նրանք հենց հիմա Հայաստանում են կառուցում աշխարհի ամենամեծ արձանը, և այն հիանալի տեսք ունի։ Բրավո, Հայաստան»,- գրել է Մաքգրեգորը՝ հրապարակելով հուշարձանի լուսանկարը։
Սեպտեմբերին հուշարձանի նախաձեռնող, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ արձանն արդեն պատրաստ է և բաղկացած է 4 կտորից:
Ծառուկյան հիմնադրամը 2022-ի օգոստոսին հայտարարել էր Հիսուսի արձանի աշխատանքների մեկնարկի մասին, կառավարությունը թույլտվություն էր տվել արձանը կառուցելուն: Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել էր, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել մայրաքաղաքում հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։





































