Մայիսի 18-ին տարհանման չորրորդ ավիաչվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 76 ուղեւոր, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 76 ուղևոր, որոնցից 22-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի և Իրանի քաղաքացիներ, որոնք իրավունք ունեին մուտք գործելու Ուկրաինայի տարածք:
Բոլոր ուղևորներն անցել են ջերմության սքրինինգ, բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձինք ժամանողների շրջանում չեն հայտնաբերվել: Կարանտին անցնելու համար չվերթի ուղևորներն ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 10-ին Հայաստանից երրորդ տարհանման չվերթով Ուկրաինա էր ժամանել 80 ուղևոր:
Պարբերականը հիշեցնում է նաև, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել է Կիև-Երևան-Կիև չարթերային չվերթ, որը տեղափոխել է 2 երկրների մոտ 300 քաղաքացի: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միությունը»՝ կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ:
Ուկրայնական ավիաընկերությունը Երևանից առաջին չվերթն իրականացրել է մարտի 25-ին, երբ Կիև էր ուղևորվել 92 մարդ՝ Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ, որոնք Ուկրաինայում կացության իրավունք ունեն: Նշվում էր, որ չվերթը կայացել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







