«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել է փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)` կտրված և կիսահալված վիճակում։
ԲԸՏՄ-ում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ վզկապն ամրացված էր «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուի պարանոցին, սակայն տարածքում կենդանին չի հայտնաբերվել։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որի հիմքով հարուցվել է քրեական վարույթ։ Ազնվացեղ եղջերուի որսի կամ ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3 մլն դրամ։





































