Հայաստանի տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարար ծառայությունն արգելափակումների վերաբերյալ ահազանգեր է ստացել։
«Արգելափակումից դուրս են բերվել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն»,- հավելել են ՆԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ իրականացնում են ուժեղացված ծառայություն։




































