Ադրբեջանում սպասվող համաներման համատեքստում Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, դիմել է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն, փաստաբան Լուսիանա Մինասյանը ներկայացրել է նամակի բովանդակությունը՝ նշելով, որ այս պահին դեռ պատասխան չեն ստացել։
Նամակում Լինդան ընդգծել է, որ ամուսինն արժանապատվորեն է դիմացել բանտարկությանը, նրա բացակայությունը ցավոտ դատարկություն է թողել իրենց ընտանիքում։
«Նրա մայրը մահացել է այն ժամանակ, երբ նա գտնվում էր բանտում. նրան զրկել են սգալու, հուղարկավորելու և նրա հիշատակը արժանապատվորեն կրելու իրավունքից։ Իսկ այժմ իմ մայրը կանգնած է դաժան քաղցկեղի վերջին փուլերում։ Կան օրեր, երբ նա չի կարող խոսել, և կան օրեր, երբ նրա շուրթերից հնչող միակ բառը Վիգենի անունն է»,- ասվում է նամակում։
Ընդգծվում է, որ դա ոչ թե քաղաքական խնդրանք է, այլ խորապես մարդկային աղերսով՝ կնոջից կնոջ խնդրանք։
«Վիգենը երիտասարդ չէ։ Նա հայր է, ամուսին, փեսա։ Եվ ինչպես բոլոր այն տղամարդիկ, որոնք իրենց ուսերին կրում են ընտանիքի պատասխանատվությունը, նա տենչում է ոչ միայն ազատություն, այլ հնարավորություն կատարել իր պարտքը։ Առանց նրա մենք կորած ենք»,- ասվում է նամակում։
Լինդան նշել է, որ իր ամուսնու ներումը կլինի լուռ մեծագործություն՝ հիշվող ոչ թե որպես զիջում, այլ որպես մարդասիրություն։
«Այն կվերադարձնի իմ երեխաներին իրենց կարոտած հորը, իմ մորը՝ փեսային, իսկ ինձ՝ ամուսնուս և կյանքի ուղեկցին։ Սրտիս խորքից խնդրում եմ Ձեզ՝ օգնեք մեզ։ Թող նա վերադառնա տուն։ Թող նա կարողանա պատվել այն, ինչ դեռ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, որը գուցե չապրի տեսնելու նրա ազատությունը»,- նշված է նամակում։
Էուլջեքջյանը ձերբակալվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին Շուշիում՝ 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։
Փաստաբանները հոկտեմբերի 23-ին դիմել էին ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով:





































