ՀՀ վարչապետի խորհրդական Լիլիթ Մակունցը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդին, հայտնել է համալսարանի ղեկավարությունը։
Նա փոխարինում է ՀԱՀ համահիմնադիր և Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանին, որը մահացել է։ Համալսարանը նշել է, որ Մակունցը Խորհրդին կբերի հանրային ծառայության «բազմամյա փորձ»։
Մեկնաբանելով իր նշանակումը՝ Մակունցը նշել է, որ մտադիր է իր մասնագիտական փորձն օգտագործել համալսարանի առաքելությանն աջակցելու համար։ Նրա խոսքով՝ ՀԱՀ-ն «բացում է դռներ երիտասարդների համար, ընդլայնում հորիզոններ և օգնում նրանց պատկերացնել ապագա, որը նախկինում անհասանելի էր թվում»։
2020 թվականին ՀԱՀ-ի 45 դասախոսից և աշխատակիցներից բաղկացած խումբը հրապարակավ պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մակունցն օգոստոսի 27-ին հետ էր կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Օգոստոսի 29-ին նա նշանակվել էր Փաշինյանի գլխավոր խորհրդական։





































