Սանտա Կլաուսին ուղղված, հավանաբար, ամենահին նամակը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում։ Այն գրվել էր 1883 թվականին Ջանեթ անունով վեցամյա աղջկա կողմից, հայտնում է The Guardian-ը։
Սանտա Կլաուսին ուղղված նամակը պահպանվել է իր սկզբնական տեսքով՝ բոլոր սխալներով և անտեղի մեծատառերով։ Այնտեղ Ջանեթը գրել է. «Խնդրում եմ, բերեք ինձ տիկնիկ, շեփոր Ջիմմիի համար և ինչ-որ բան մայրիկի և հայրիկի համար»։
Գրությունը հրապարակվել էր «Լիդս Մերկուրի»-ում 1883 թվականի դեկտեմբերի 22-ին: Խմբագիրները դիտավորյալ մանկական հաղորդագրությունը չեն ուղղել. «Սրբագրիչը կարող էր հեշտությամբ բարելավել Ջանեթի նամակը, բայց այդ դեպքում այն կլիներ նրա, այլ ոչ թե աղջկա նամակը, և այն կարող էր չհասնել Սանտա Կլաուսին»:
Ancestry տոհմաբանական և պատմական կայքի հետազոտողները նամակը հայտնաբերել էին Newspapers.com տվյալների բազայում: Նրանք նաև գտել էին երեխաների Սուրբծննդյան նամակագրության այլ վաղ օրինակներ, այդ թվում՝ 11-ամյա Մեյբլ Հանքոքի նամակը, որը հրապարակվել էր «Հեմփշիր Թելեգրաֆ ընդ Նավալ Քրոնիքլ»-ում 1898 թվականի դեկտեմբերի 24-ին: Մեյբլը գրել էր. «Սիրելի՛ Սանտա Կլաուս, ես քեզ գրում եմ այս նամակը՝ խնդրելու համար, որ հիշես այս տարի մեզ զանգահարել»:
Աղջիկը խնդրել էր, որ նվերները չդնեն իր սեփական գուլպայի մեջ, եթե Սանտա Կլաուսը ժամանակի պակաս ունի, այլ փոխարենն ուրախացնի իր կրտսեր եղբորը:
«Մայրիկն ինձ ասում է, որ ուրիշներին երջանիկ դարձնելն ավելի մեծ բավարարվածություն է պատճառում, քան եթե ինքներս երջանիկ լինենք»,- բացատրել էր նա:
Մասնագետները նշում են, որ Սանտա Կլաուսին գրելու ավանդույթը ծագել է Միացյալ Նահանգներում դեռևս 18-րդ դարի վերջին։ Սուրբ Նիկողայոսը, ավելի ուշ՝ Սինտերկլասը, ապա՝ Սանտա Կլաուսը, Նյու Յորքի հոլանդացի գաղութարարների շրջանում հայտնի կերպար էր դեռևս 1770-ական թվականներին։ Քաղաքացիական պատերազմից հետո, երբ ԱՄՆ փոստային համակարգն ավելի կազմակերպված էր դարձել, Սանտային նամակներ ուղարկելը արագորեն լայն տարածում գտավ։





































