Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել է այն, հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշվում է, որ ծրագրին առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
«Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում»,- հայտնել են նախարարությունից։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում կամ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։






































