Բաքվի «դատարանը» մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը՝ դատավարությանը մասնակցող թարգմանչին բացարկ հայտնելու մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կեղծ դատավարության ժամանակ թարգմանիչ Իսլամ Ագաքերիմովը հայտարարել է, որ նախնական լսումների ժամանակ «պատահաբար» մեկ «մեխանիկական սխալ» է թույլ տվել դատարանի որոշման թարգմանության մեջ, որը, նրա պնդմամբ, չի ազդել որոշման էության վրա։ Դատախազությունը խնդրել է մերժել Ագաքերիմովին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը՝ նշելով օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի բացակայությունը։
Նշվել է, որ ապօրինի դատի ընթացքում լսել են նաև «տուժողների ցուցմունքները» և «ուսումնասիրվել փաստաթղթեր»։ Հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 20-ին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







