ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանում և Ադրբեջանում պահվող գերիների փոխանակման մասին հարցին՝ անդրադառնալով նախօրեին Բաքվի հնչեցրած կոչին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հայաստանցի և ադրբեջանցի պահվող անձանց փոխանակմանը։
«Կողմերում ձերբակալված անձանց փոխանակման և նրանց տանջանքների թեթևացման հարցը մշտապես գտնվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների օրակարգում: Անցյալ տարի Մոսկվայում որոշում է կայացվել կալանավորների հարազատների կողմից նրանց այցելելու մասին: Այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը մեկական գերի են վերադարձրել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակվում են խորհրդակցությունները մյուս կալանավորների ճակատագրի վերաբերյալ: Մենք ուշադրությամբ կհետևենք դրանց ընթացքին»,- ասել է Զախարովան՝ ներկայացնելով ՌԴ դիրքորոշումը գերիների փոխանակման նախաձեռնության վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







