Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատական» լսումների ժամանակ ելույթ են ունենում դատախազները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դատախազները հայտարարել են, որ «մեղադրյալների մեղքը հաստատվել է» և որ նրանց դեմ նախկինում առաջադրված մեղադրանքները կվերանայվեն։ Նրանք նաև պնդել են, որ գերիները մեղադրվում են «1988 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը հայկական պետության և նրա ստեղծած հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործություններին մասնակցելու մեջ»։
Հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին։
Նախորդ նիստի ժամանակ հայտարարվել էր, որ գերիների գործով «դատաքննությունն» ավարտվել է։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը:






































