Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին վնասվել է Ադրբեջանի կողմից, հայտնում է Monument Watch-ը։
Նախաձեռնությունն ուսումնասիրել է ադրբեջանական տելեգրամյան որոշ ալիքների տարածած լուսանկարներ, որոնցում երևում է, որ Մարտունի քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցու պատուհանները ջարդված են, կան կրակահերթի հետքեր։
Եկեղեցին և նրա շրջակայքն ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորվել էին դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքն անխնա ռմբակոծվել էր: Արկեր էին ընկել և պայթել նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են:
Եկեղեցին կառուցվել է 2004 թվականին՝ բարերար Ալիս Օհանյանի կողմից։
Monument Watch-ը շեշտել է, որ մշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայի 4-րդ հոդվածում. «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի և հաշվեհարդարի գործողություններից»:
Նախաձեռնությունը նաև հիշեցրել է, որ պատերազմների դեպքում մշակութային արժեքների թիրախավորման արգելքն ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական կանոններով, որոնք ունեն սովորութային իրավունքի կարգավիճակ․ այսինքն՝ միջազգայնորեն պարտադիր են։
2023 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախում չորս գյուղ և ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի, գրեթե 50 հուշահամալիր, քանդակներ և խաչքարեր: Armenia Today-ը տեղեկություններ է հավաքել Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացված պատմական և մշակութային նշանակության բոլոր հուշարձանների մասին, որոնք դարձել են Բաքվի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







