Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը գնալով ավելի ու ավելի միջազգային աջակցություն է ստանում, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում, բանախոսել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված հարակից միջոցառմանը։ Այն կազմակերպվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից, բանախոսել են նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելն ու Նիկոլա Վալդերը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Փոլ Ուիլյամսը:
Բեգլարյանը շեշտել է, որ Արցախի հարցը փորձում է փակել հատկապես ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը գլխավոր պատասխանատուն է դրա կյանքի կոչման համար:
Նրա խոսքով՝ հիմնարար իրավունքները ոչ թե վիճարկում են կամ առերևույթ «անիրատեսականության» ստվեր են նետում դրանց վրա, այլ պայքարում են իրավունքների համար:
«Իսկ սեփական իրավունքների համար չպայքարողներին ոչ ոք ո՛չ հարգում է, ո՛չ էլ օգնում: Մեր վերադարձն իրատեսական է, սակայն այլ պայմաններում ու միջավայրում, որին պետք է պատրաստվել տևական ներքին ու արտաքին պայքարով»,- հավելել է Բեգլարյանը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։



























