Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է խորհրդաժողով՝ պատգամավոր և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ, հայտնել է «Արցախ» միությունը։
Խորհրդաժողովի առաջին փուլում մասնակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումներին և դրանց հետևանքներին արցախահայության համար։ Մասնակիցներն ընդգծել են, որ բռնի տեղահանության անպատժելիությունը վտանգում է միջազգային կարգի հիմքերը։
Ըստ հրապարակման՝ երկրորդ քննարկումը խորհրդարանական դիվանագիտությանն է վերաբերել, կարևորվել է եվրոպական երկրների խորհրդարանականների և Արցախի Հանրապետության խորհրդարանականների միջև կապերի ձևավորումը և համագործակցությունը՝ Արցախ վերադարձի իրավունքը միջազգային օրակարգ բերելու և հայ գերիների ու քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը պահանջելու համար։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությանը, որը հանդես է եկել կոչով՝ հավաքագրելու ֆրանսիացի խորհրդարանականների ստորագրությունները՝ Արցախի բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը պաշտպանելու և Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը պահանջելու համար։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի է պահվում, ընթանում են նրանցից Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունները:
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







