«Հայաստանի պատմության» 9-րդ դասարանի դասագրքում Արցախի հայաթափման վերաբերյալ հատվածում տեղ գտած անհեթեթության վերաբերյալ իրավական գործընթաց է նախաձեռնվել է, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Դասագրքում, նկարագրելով 2023 թվականին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, գրված է, որ Արցախի նախագահն ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր։
«Գրքի հեղինակները, ԿԳՄՍ նախարարությունը և լիազոր այլ անձինք պատասխանատվություն են կրելու երեխաներին նման անհեթեթությամբ կրթելու համար»,- գրել է Երիցյանը։
Օգոտսոսի 30-ին փաստաբանը հայտարարել է, որ դատական հայցը ներկայացվելու է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից։
«Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ»,- շեշտել է Երիցյանը։
2023-ի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայից հետո Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել Արցախի բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը լուծարելու մասին։ 2023-ի դեկտեմբերին Արցախի նախագահը հայտարարել էր, որ իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթուղթ գոյություն չունի։ Մայիսի 14-ին Երիցյանը հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր էր ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։






































