Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն կառույցը, որն զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ, RBC-ին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ նշելով, որ խմբի վերջնական լուծարումը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերին։
Նրա ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտի գործունեության դադարեցմանը՝ Մինսկի խումբ, գործող ԵԱՀԿ նախագահների անձնական ներկայացուցչի պաշտոն և բարձր մակարդակի պլանավորման խումբ։
Լուկաշևիչի խոսքով՝ Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետևյալն է՝ ԵԱՀԿ-ի Մշտական խորհուրդը խորհուրդ է տվել անդամ երկրներին «լռակյաց համաձայնությամբ» հաստատել նախարարական որոշումը։ Եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք չարտահայտի հակափաստարկ, որոշումը կհամարվի ընդունված։
«Միևնույն ժամանակ՝ պետք է հաշվի առնել, որ որոշման կատարմանը վերաբերող վարչարարական և ֆինանսական միջոցառումների իրականացումը կտևի մի քանի ամիս: ԵԱՀԿ-ն նախատեսում է ավարտին հասցնել դրանք այս տարվա դեկտեմբերին։ Այնուհետև երեք բոլոր կառույցները, որոնք զբաղվում էին Լեռնային Ղարաբաղի կարգավորման աջակցությամբ, պետք է դադարեցնեն իրենց գոյությունը»,- նշել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։






































