Բաքվում օգոստոսի 19-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարությունը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լսումների ընթացքում Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանն առարկություն է ներկայացրել դատավորների կազմի դեմ, ինչը չի քննարկվել։
Վարդանյանն աջակցել է բողոքին, սակայն դատավորը չի քննարկել այդ առարկությունը։ Նշվում է, որ պաշտպանության կողմի խնդրանքով Վարդանյանին հնարավորություն է տրվել գաղտնի հանդիպել իր փաստաբանի հետ։ Լսել են նաև «տուժածների և նրանց իրավահաջորդների վկայությունները»։
Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին։
Վարդանյանն ադրբեջանական զինվորականների կողմից առևանգվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի բնակչության տեղահանության ժամանակ։ Բաքվում նրա դեմ առաջադրվել է ավելի քան 20 մեղադրանք, այդ թվում՝ «ահաբեկչություն» և «զինված կազմավորումների ստեղծում»։ Հայկական կողմը և միջազգային կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ հետապնդումները քաղաքական դրդապատճառներ ունեն, և որ դրանք խախտում են միջազգային իրավունքը։
Ադրբեջանում պաշտոնական տվյալներով 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։






































