2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ։
Նշվում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:
Այսպիսով, նախագահական ընտրություններին մասնակցելու համար «Անկախության Սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, Արցախի Պահպանողական կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն կայքում:
Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31–ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







