Փետրվարի 18-ին Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին։
Երկուստեք կարևորվել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է ղեկավարների մակարդակով իրենց հասարակություններին խաղաղության հրապարակային ազդակների և ուղերձների հղումը և նշել. «Ադրբեջանական կողմը հրապարակային դաշտում շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքները մերժող առավելապաշտական դիրքորոշումներով, որոնք հնարավորություն չեն տալիս առաջընթաց արձանագրելու խաղաղ գործընթացում»:
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







